Դատական հայց ընդդեմ ՀՀԿ-ի՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար

 

Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ փոխհատուցել պայմանագրի այդ ժամանակ՝ 2001 թվականի հուլիս ամսին գործող շուկայական արժեքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանի ժառանգների՝ Յուրի Պոպովի և Նունե Սողոմոնյանի փաստաբան Սոֆիյա Տոնոյանը:

Տոնոյանը պատմել է, որ 20-րդ դարի սկզբին Երևան քաղաքում գործում էր կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանն էր։ Ձեռնարկությունը, ինչպես նաև Սողոմոնյանի տունը գտնվում էր Երևան քաղաքի կենտրոնում` նախկին Դոկտորսկայա հասցեով, այժմյան Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։ 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը և ողջ ունեցվածքը ազգայնացվել են։ Սողոմոնյան ընտանիքին մնացել է 15-16 սենյակից միայն մեկը։ Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչև 1925 թվականը Համբարձում Սողոմոնյանը եղել է «Արարատ» տրեստի կոնյակագործ։ Նույն թվականին, չդիմանալով ձեռնարկության և ունեցվածքի կորստին, Սողոմոնյանը 54 տարեկանում վաղաժամ մահացել է սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (մինչ այդ կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։

«Խորհրդային տարիներին Սողոմոնյանների տան կիսանկուղային հարկում տեղակայված էր տպարան, իսկ բնակարանային հատվածում գտնվում էր առողջարանային կառավարումը (курортное управление): Այդ տարիներին շենքը գրանցվել է որպես մշակութային և ճարտարապետական արժեք ունեցող շենք: Խորհրդային միության փլուզումից հետո Սողոմոնյանի թոռները փորձել են վերադարձնել Սողոմոնյաննների ազգայնացված ունեցվածքը։ Այդ թվերին նման փորձ դեռ չէր եղել։ Քանի որ տունը ոչ ոքի բալանսի վրա չի եղել, ժառանգները փորձել են վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք դատական կարգով տպագրատան հետ պայմանավորվածություն են ձեռք բերել տարածքի վարձակալության մասին։ Դրանից հետո շենքի բնակելի հատվածը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ շենքը ապամոնտաժվել և տեղափոխվել է Մելիք-Ադամյան 2 հասցե, որտեղ այժմ տեղակայված է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը»,- նշել է փաստաբանը։

Տոնոյանի խոսքով՝ 2001 թվականին ՀՀԿ-ն` լինելով իշխող կուսակցություն, ստեղծել է այնպիսի պայմաններ, որ ժառանգները ստիպված են եղել վաճառել սեփականությունը շուկայական գներից բավականին ցածր գնով։

«Արդյո՞ք 5 մլն 500 հազար դրամը 460 քառակուսի մետրի արժեքն է: Յուրի Պոպովի սեփականության իրավունքը՝ որպես ժառանգի, ճանաչել են դատական կարգով: Գործողությունն այնպես արագ է կատարվել, որ վերջինս չի կարողացել դրա մասին հայտնել մյուս ժառանգին՝ Նունե Սողոմոնյանին:

Փաստաբանը նշել է, որ գործը նախապատրաստական փուլում է, սեպտեմբերի 13-ին նիստ է նշանակվել, այն նախագահում է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը: Տոնոյանը նշել է, որ իր վստահորդները փոխհատուցում են պահանջում և ակնկալում են, որ խնդիրն արդարացի լուծում կստանա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

https://mamul.am/am/news/155030

Be the first to comment on "Դատական հայց ընդդեմ ՀՀԿ-ի՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ