Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի

 

Նորշեն բնակավայրը զբոսաշրջային ներուժ ունի, որը չի օգտագործվում սահմանային ուղեկալի տարածքում գտնվելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր՝ մարտի 13-ի վաղ առավոտյան Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը Նորշենում բարձրացրեց ՀՀ դրոշը։

Գյուղը, որ ավելի շատ հայտնի է Խարկով անունով, ամենամոտն է հայ-թուրքական սահմանին: Ախուրյանի ձախ ափին գտնվող Նորշենը հիմնել են 1894 թ.-ին Շիրակավանից եկածները։ Խարկովից Նորշեն է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։ Այստեղից Անին ասես ափի մեջ լինի. պարզ իր ողջ գեղեցկությամբ՝  Մայր տաճարը, քաղաքի պարիսպներն ու…. ծածանվող թուրքական դրոշը:

Սակայն ցանկության դեպքում Անին Նորշենից տեսնել հնարավոր է միայն հատուկ անցաթղթով՝ գյուղը գտնվում է սահմանապահ ուղեկալի տարածքում և մուտք գործելու համար հատուկ անցագիր կամ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից:

Արդեն տարիներ է ինչ գյուղը դատարկված ու լքված է: Սակայն սա Շիրակի մարզի այն տարածքներից մեկն է, որը զբոսաշրջիկներին կգրավի: Մարզի որոշ տարածքներ՝ Նորաշենը, Հայկաձորը ամենալավ դիրքն ունեն Անին տեսնելու համար, սակայն այս տարածքները սահմանապահ ուղեկալների հսկողության տակ են:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այսօր՝ մարտի 13-ին, սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ, եղավ սահմանագծի երկայնքով տեղակայված մի քանի ուղեկալներում, ծանոթացավ սահմանապահների ծառայության ընթացքին: Ընթացքում քննարկվեցին զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, սահմանային անցման կարգի դյուրինացմանն առնչվող հարցեր:

«Շիրակի մարզը մեծ ներուժ ունի, զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր կան մեզ մոտ, պատմաճարտարապետական զբոսաշրջության ուղղությունը կարող է նաև հիմք հանդիսանալ հոգևոր և ուխտագնացային զբոսաշրջության զարգացման համար»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզային իշխանություններն այցելել են նաև Նորշեն: Այստեղ Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը կրկին վեր է բարձրացրել ՀՀ պետական դրոշը, որի նախկին տարբերակը կլիմայի ազդեցությամբ խունացել էր:

Սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է նաև սահմանային գոտում գտնվող այն շենք-շինությունների տարածքում, որոնք սահմանապահների կողմից այժմ չեն օգտագործվում: Կողմերը քննարկել են դրանց նպատակային օգտագործմանն առնչվող հարցեր:

Read more: https://armeniasputnik.am/tourism/20190313/17687892/kharkovum-krkin-cacanvec-yeraguyny-gyux-vory-zbosashrjayin-neruj-uni.html

Be the first to comment on "Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ